18 մարտի 2013 - 19:15 AMT
Կալանավորված Սիլվա Խաչատրյանը դադարեցրել է հացադուլը

Կալանավորված Սիլվա Խաչատրյանը 3 օր առաջ հացադուլ է հայտարարել, նրա անչափահաս երեխաները անօթևան են մնացել, իսկ երեխաներից մեկը կորել է:

Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները քիչ առաջ են վերադարձել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից, որտեղ հանդիպել են Սիլվա Խաչատրյանի հետ, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում Սիլվա Խաչատրյանը հայտնել է, որ երեկ` մարտի 17-ին, դադարեցրել է հացադուլը, իսկ նրա անչափահաս երեխաները բնակվում են ընկերուհու տանը: Ինչ վերաբերվում է նրա երեխաներից մեկի կորչելու փաստին, Սիլվա Խաչատրյանը հերքել է այդ տեղեկատվությունը` ասելով, որ նման բան չկա: Նա դիմում է ներկայացրել Պաշտպանին, որտեղ մասնավորապես իր դժգոհությունն է հայտնել քրեական գործով նախաքննության և դատական քննության ընթացքի վերաբերյալ: