ՀՀ նախագահ․ Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ

ՀՀ նախագահ․ Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան մի քանի լրագրողի հետ հանդիպմանն այսօր նշել է, որ եթե Ազատության հրապարակ գնալու որոշում ընդուներ, ապա միայն Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորելու դադարեցնելու հացադուլը։ Հարցին, թե ի՞նչ առաջարկներով նա կգնար Ազատության հրապարակ, նախագահը պատասխանել է, որ բազմաթիվ են պատճառները, որոնց հետևելով նա չի գնա այդ քայլին։

«Ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած է նրա թիկունքում և հրապարակում են: Ես, երևի, տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է մոտ 3000 մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ` 3000 մարդը (թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է) կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը: Երեք միլիոնի մոտ ենք, 30 հազարը` մեկ տոկոս, 3 հազարը` 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետև հրապարակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն»:

Նախագահը նշել է նաև, որ նրա հիշողության մեջ «դառը պատկերներ են արթնանում, որովհետև աշխարհի և բոլոր բարեգործները, և բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից և իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի»: «Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ, որպեսզի որևէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք` 2008 թ․-ին մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր 300 հազար ձայն: Այսինքն, գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների 10 տոկոսը: Որտեղ 10 տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ, որ ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու` մարդկանց ասածների մեջ»: Սերժ Սարգսյանը համոզված է, որ հացադուլ հայտարարելով Րաֆֆի Հովհաննիսյանը գործընթացները «դուրս դրեց քաղաքական պրոցեսից»:

«Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես դուք եք ասում` հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետև բանակցություններ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞։ Չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով` մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլ չանել, ընտրել պայքարի (դիտավորյալ եմ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձևեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել»:

Նախաագհը խնդրեց հիշեցնել իրեն, թե ինչ պայման է դրել Հովհաննիսյանը՝ հացադուլ հայտարարելիս։ «Ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որը, ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանդրության վրա, ապա, ապա… Ես երբեք, որևէ անգամ (ի տարբերություն շատ շատերի) ոչ կեղծ երդում եմ տվել, ոչ էլ կեղծ բարևներ եմ շռայլել, ոչ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ոչ էլ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---