19 մարտի 2013 - 11:53 AMT
Արթուր Աբրահամ. Ուրախ եմ, որ մենամարտը Մագդեբուրգում է լինելու, այնտեղ հիանալի երկրպագուներ են

Մարտի 23-ին Մագդեբուրգում տեղի կունենա գերմիջին քաշում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը: Տեղի է ունեցել բռնցքամարտիկների ու նրանց մարզիչների մամուլի ասուլիսը:

Հայ բռնցքամարտիկն ուրախ է, որ մենամարտը տեղի կունենա Մագդեբուրգում, քանի որ նա այնտեղ իր առաջին մենամարտն անցկացրել Սթիվեն Օտտկեի հետ, և մթնոլորտը դահլիճում հիանալի էր:

«Երկրպագուները նույնիսկ ալիք էին անում, ինչին կարելի է ականատես լինել հատկապես ֆուտբոլի ժամանակ: Մագդեբուրգից բացի ես այլ տեղ նման բան չեմ տեսել: Ես հաղթեցի Շտիգլիցի դեմ իմ առաջին մենամարտում, հիմա ռևանշի ժամանակն է, մենք հստակ նպատակ ունենք»,-Աբրահամի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

Աբրահամն ասել է, որ պետք է ոչնչացնի հակառակորդին և ինքն ամեն ինչ կանի նպատակին հասնելու համար: «Ես շատ եմ հարգում իմ մրցակցին, սակայն ռինգում պետք է հաղթեմ նրան»:

Շտիգլիցը պատասխանել է, թե դեռ հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա մարտի 23-ին: «Ես գերազանց մարզավիճակում եմ և ուզում եմ վրեժխնդիր լինել, դրա համար պատճառ կա, ես երկու տարի շարունակ չեմպիոն եմ եղել և ցանկանում եմ վերադարձնել տիտղոսը: Ես անհամբեր սպասում եմ մենամարտին»,-ասել է նա: