19 մարտի 2013 - 13:08 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը հերքեց ՀՀ նախագահի հայտարարությունները. Ո՞վ է ստում, Սարգսյանը, թե՝ Հովհաննիսյանը

Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման վերաբերյալ Սերժ Սարգսյանի երեկվա մեկնաբանությունները և հրապարակած տեղեկությունները,Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, չեն համապատասխանում իրակականությանը բազմաթիվ կետերով: Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց Ազատության հրապարակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Հայ ժողովրդի հաղթանակը պաշարվել է Սերժ Սարգսյանի կողմից: Մենք ամեն տեղ ենք, ամենուր է մեր հաղթանակը: Այն անկասելի է: Սա Րաֆֆու հարցը չէ: Տոկոսային վերլուծությունների մեջ է մտել պարոն Սարգսյանը, եթե մենք հավաքենք 100 հազար հոգի, նեղություն կքաշի և կգա՞ հրապարակ: Հրապարակում 300 հազար մարդ պե՞տք է լինի, որ ինքը տպավորվի, ուրեմն թող սպասի էլ ավելիին: Բայց դա միակ գրավականը չէ, այդ գրավականը մեր ժողովուրդը կյանքի կոչեց փետրվարի 18-ին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա` ստի, կեղծիքի, համատարած խախտումների և ժողովրդի քվեն գողանալու վրա սեփական հաղթանակը տոնելը անպարկեշտություն, հայհոյանք է սեփական ժողովրդին: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նշեց, որ միայն այն փաստը, որ Սերժ Սարգսյանի քարոզչանյութը` «Դեպի ապահով Հայաստան»-ով և իր լուսանկարով գտնվում էր բազմաթիվ շենքերի վրա, բավական է ընտրությունների կեղծված լինելու գնահատականը տալու համար:

«Մենք այլևս չպետք է ապրենք փչացած հեռախոսի նման, շնորհակալ եմ Սերժ Սարգսյանին, որ ինքը բացեց իր իսկ պահանջած խորհրդաբանական բնույթ կրող ճանապարհը: Մենք գտնվում ենք հրապարակային, բաց, թափանցիկ շրջափուլում: Թե ինքը, թե ես հաշվետու ենք մեր խոսքերի համար: Ցանկանում եմ, որ եթե երբևե լինի որևէ գործընթաց, այդ ամենը լինեի ժողովրդի առաջ, որպեսզի ոչ մեկը հետո մյուսի խոսքը չխեղաթյուրի»,- նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Կեղծված ընտրություններից մի քանի օր անց դուք գիտեք, որ ես ոտքով գնացի և հանդիպեցի Սերժ Սարգսյանին: Սուտ է, այն հայտարարությունը, թե ես ասել եմ, որ ես չեմ հաղթել: Ես ասել եմ, որ կեղծված են ընտրությունները, և ամենալավը Դուք գիտեք դրա մասին: Առաջարկում եմ, որ Ձեր լիազորություններով բացեք բոլոր քվեատուփերը, և կտեսնենք` լցոնումներով հանդերձ, որն է իրական պատկերը: Բայց, որպեսզի այդ զրույցը լինի փոխադարձ հարգանքի շրջանակներում, վերանանաք այդ 59 տոկոսից և մյուս սուտ տոկոսից, դուք ժամանակից շուտ ընդունեցիք շնորհավորանք: Ես էլ ասացի միգուցե իմն էլ չափազանցություն է, որ ասացի` 80 տոկոսով հաղթեցի: Դա ձեր շոմպայնի կամ չշոմպայնի պատասխանն էր: Ենթադրենք, որ մենք յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր միասնական ժողովրդի հատվածները և հասկանանք ինչպիսի լուծում պետք է տանք իրավիճակին»,- իր և Սերժ Սարգսյանի զրույցից հատված ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը հետաքրքրվել է գործող նախագահի առաջարկներից ապագա կոլացիային վերաբերողին, իրականությանը չի համապատասխանում: «Ոչ ինքը, ոչ ես երբեք չենք քննարկել իմ մասնակցությունը իշխանության կազմում կամ կառավարական որևէ աշխատանքում: Ես իրեն ասացի, որ Դուք մերժեցիք ինձ, հարգում եմ Ձեր որոշումը, ուրեմն ներկա դրությամբ օրակարգում ոչինչ չկա, ես Ձեզ հիմա ասում եմ, որ պարտավոր եմ ներկայացնել ժողովրդին այդ առաջարկները, որ ես արեցի որպես թեկնածու, ով իր վրա կրեց սուտը, կեղծիքը, վախը: Ես պարտավոր եմ այս առաջարկները և դրանց մերժումը ներկայացնել: Եբևէ չի եղել դեպք, որ ես դիմեմ որևէ մեկին և ասեմ` պետք չէ որևէ բան հրապարակել: Դուք հիշում եք, որ ես պահանջում էի բաց հանդիպում, բայց իրենք այնպես մոնտաժեցին, որ ստացվեց, թե փակ հանդիպում եմ պահանջել:

Այդ հանդիպման ավարտին չկար պայմանավորվածություն, որ մեկս մյուսին փաստաթուղթ պիտի ուղարկենք, այլ այն, որ ես հայտարարեցի, որ իմ աջարկները մերժվել են և այլևս ուժի մեջ չեն: Սպասում եմ ձեր առաջարկին, որ երբևէ ունենաք: Հրավիրեցի հրապարակ, նպատակահարմար չգտավ գալ, մարտի 10-ից առաջ բազմաթիվ անգամ ասեցի կարող եմ գալ պետական որևէ շենք, հանդիպելու, բայց դա էլ չեղավ: Արդեն ես այստեղ եմ, ուշացել են»,- պատմեց Րաֆֆի Հովհաննիսյանը: