18 հոկտեմբերի 2005 - 18:39 AMT
Կան Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը զարգացնելու լուրջ հնարավորություններ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի գործերով տեղակալ Դենիել Ֆրիդին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը` զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշել, որ կան համագործակցության ընդլայնման լուրջ հնարավորություններ: Ռ.Քոչարյանը եւ Դ.Ֆրիդը քննարկել են նաեւ հայ-ամերիկյան աշխատանքային խմբի վերջերս կայացած հանդիպման արդյունքները եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի առաջիկայում ԱՄՆ կատարելիք այցին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, ինչի ընթացքի մասին Հանրապետության նախագահը տեղեկացրել է զրուցակիցներին` նշելով, որ առաջարկվող փոփոխությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար ստեղծում են նոր հնարավորություններ: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը: