Էներգետիկ համակարգի կատարելագործումը շարունակում է առաջնահերթություն լինել Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական նիստը հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են Հայաստանի էներգետիկ համակարգի, մասնավորապես ատոմային էներգետիկային առնչվող խնդիրներ: Ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված տնտեսական կայուն աճը հնարավոր չէր լինի ապահովել առանց էներգետիկ համակարգում կատարված բարեփոխումների եւ հետեւողական աշխատանքի: ՀՀ նախագահը վստահեցրել է, որ էներգետիկ համակարգի կատարելագործումը շարունակելու է առաջնահերթություն լինել Հայաստանի համար: Նա հաջողված է համարել անցնող տարում հանրապետության էներգետիկ անկախության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված քայլերը` Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության հաստատում, Իրան-Հայաստան գազատարի շինարարության մեկնարկ, Երեւանի ՋԷԿ-ում ժամանակակից ջերմաէլէկտրական բլոկի կառուցում, Արաքս գետի վրա Իրանի հետ համատեղ ՀԷԿ-ի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների համաձայնեցում եւ այլ ծրագրեր: Դրանց շարքում նախագահը կարեւորել է նաեւ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացը, նշելով որ արդեն կառուցման եւ շահագործման հանձնվելու փուլում գտնվող 32 փոքր ՀԷԿ-երը, նաեւ նախագծման փուլում գտնվող եւս 43-ը, զգալի դերակատարություն կունենան հանրապետության էներգետիկ համակարգի զարգացման գործում:



Անդրադառնալով Հայկական ԱԷԿ-ին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ կայանի անվտանգ շահագործման ուղղությամբ համատեղ աշխատանքներ են տարվում ոլորտի արտերկրյա առաջատար ընկերությունների, նաեւ միջազգային կազմակերպությունների հետ: Որպես ատոմակայանի արդյունավետ շահագործման վկայություն, նախագահը նշել է, որ այն վերջնականապես թոթափել է պարտքերը եւ այս տարի առաջին անգամ ինքն է վճարել ատոմային վառելիքի դիմաց: Անդրադառնալով խորհրդի նախորդ նիստի ընթացքում հնչած ատոմակայանի անվտանգության բարձրացման առաջարկներին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դրանք հետեւողականորեն կատարվում են: Նախագահը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանը երկխոսություն է վարում Եվրամիության հետ ատոմակայանի անվտանգ շահագործման մակարդակի բարձրացման ֆինանսատեխնիկական աջակցության շարունակման հնարավորության ուղղությամբ:



ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը նիստի մասնակիցներին հաշվետվություն է ներկայացրել նախորդ տարվա աշխատանքների վերաբերյալ, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Ատոմային խորհրդի նախագահ, Գերմանիաի միջուկային անվտանգության ինստիտուտի տնօրեն Ադոլֆ Բերգհոֆերը շնորհավորել է Հայաստանին էներգետիկ համակարգի զարգացման գործում կատարած արդյունավետ աշխատանքի առիթով եւ ասել, որ բավարարված է ատոմակայանի անվտանգ եւ արդյունավետ շահագործման փաստով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---