20 հոկտեմբերի 2005 - 14:39 AMT
Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի միավորումը IPAP-ի շրջանակներում` քայլ է դեպի եվրա-ատլանտյան անվտանգության ամրապնդումը
«Հայաստանը ակտիվորեն զարգացնում է իր գործողությունները ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում»,-հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժկուսը այսօր Երեւանում մեկնարկած «Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ. նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ Հարավային Կովկասի համար» խորագրով կոնֆերանսում: Նրա խոսքերով, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը ընդգրկվել են գործընկերության անհատական ծրագրի գործընթացում, եւ «դա շատ կարեւոր փաստ է, մեր տեսակետից, քանի որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատմության մեջ առաջին անգամ բոլոր երեք հանրապետությունները ընդունել են խաղի նույն կանոնները, բանակում եւ հասարակության մեջ փոփոխությունների չափանիշները»: Նա հաղորդել է , որ Ստամբուլի գագաթնաժողովում Դաշինքը որոշեց ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջաններում` Կովկասն ու Միջին Ասիան առաջինն են այդ ցուցակում: Եվ այդ նպատակով ՆԱՏՕ-ն նշանակել է կապի երկու սպա եւ հատուկ ներկայացուցիչ երկու տարածաշրջանների համար: Ռ.Ռաժկուսը ավելացրել է, որ «անհատական գործողությունների պլանը այն հիմնական ծրագիրն է, որ կիրառվում է Հարավային Կովկասում եւ ունի մի քանի բաժիններ` քաղաքական, պաշտպանական, վարչական, հանրային տեղեկատվության եւ գիտության»: Բացի այդ, նա կարեւորել է ահաբեկչության դեմ պայքարի ծրագիրը եւ նկատել, որ «բոլոր երեք հարավկովկասյան հանրապետությոնները կիրառում են այն, քանի որ այն կազմում է անհատական գործընկերության հիմնական մասը»: «ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը զարգանում է եւ ընդգրկում նոր տարածաշրջաններ եւ հաստատում է նոր գերակայություններ եւ ռազմավարական նպատակներ` անվտանգության եւ կայունության ամրապնդման համար: Հարավային Կովկասը հայտարարված է ՆԱՏՕ-ի աշխարհագրական գերակայությունը»,-հայտարարել է Ռոմուալդաս Ռաժկուսը: Նրա խոսքերով, գործընկերության նոր մեթոդները եւ համագործակցության սխեմաները ընդգրկվում են գործընկերության անհատական պլաններում եւ որպես լրացում` արդեն գոյություն ունեցող ծրագրերի: «ՆԱՏՕ-ն ցանկանում է ասել, որ անվտանգության գծով արդյունավետ համագործակցությունը անհնար է առանց դոկտրինի եւ սկզբունքորեն ժողովրդավարական համարվող ինստիտուտների: ՆԱՏՕ-ն համարում է , որ եվրա-ատլանտյան գործընկերությունը մեծ դերակատարություն ունի երկու ասպեկտներում, անհատական գործընկերության ծրագրի տեսակետից, որը օգտագործվում է որպես միջոց: ՆԱՏՕ-ն նշում է, որ անվտանգությունը եւ կայունությունը կախված են միջազգային լայն համագործակցությունից եւ տեղական բարեփոխումներից»,-նշել է ՆԱՏՕ-ի սպան Հարավային Կովկասում: Ելույթի ավարտին նա հայտարարել է, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միավորումը IPAP-ի շրջանակներում` «հեռանկարային քայլ է դեպի եվրա-ատլանտյան անվտանգության ամրապնդումը»: