20 հոկտեմբերի 2005 - 16:59 AMT
Ղրիմի դատարանը ազատել է կալանքից Ռասուլ Գուլիեւին
Ղրիմի դատարանը ազատել է կալանքից Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ռասուլ Գուլիեւին: Ադրբեջանական կողմը, որը պնդում էր, որ Գուլիեւին էքստրադիցիայի ենթարկեն, չկարողացավ համոզել դատարանին, որ նախկին խոսնակի դեմ հարուցված գործը քաղաքական բնույթ չի կրում: Բացի այդ, Բաքվի ներկայացրած փաստաթղթերի մեծ մասը չվավերացված պատճեներ են, հաճախ նույնիսկ առանց ստորագրությունների: Ինքը Գուլիեւը դատական նիստին ներկա չի եղել, քանի որ գտնվում է հիվանդանոցում «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ: Գուլիեւի ներկայացուցիչները դատարանի որոշումը ընդունել են ծափահարություններով, սակայն նրանք մտավախություն ունեն, որ դա կարող է վատթարացնել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի հետ: Հիշեցնենք, որ Գուլիեւը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ին Սիմֆերոպոլի օդանավակայանում ուկրաինական Ինտերպոլի աշխատակիցների կողմից: Ադրբեջանում նախկին խոսնակի դեմ քրեական գործ է հարուցված` պետության սեփականության առանձնակի խոշոր չափերի հափշտակման փաստով: 2000 թվականից նա ընդգրկված է միջազգային որոնման մեջ գտնվող անձանց Ինտերպոլի ցուցակում: 58-ամյա Ռասուլ Գուլիեւը, որը 9 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, մտադիր էր հայրենիք վերադառնալ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Ավելի վաղ Գուլիեւին արդեն ձերբակալել էին Հոլանդիայի իշխանությունները, սակայն փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ազատ են արձակել, հաղորդում է «Ուկրաինական պրավդան»: