21 մարտի 2013 - 16:50 AMT
Երևանը կարևորում է Հնդկաստանի հետ միջխորհրդարանական կապերի զարգացումը

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները առավել կամրապնդվեն, կխորանանան և զգալի ձեռքբերումներ կարձանագրվեն՝ ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը` կարևորելով փոխադարձ շփումները, կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-հնդկական փոխգործակցության զարգացմանը երկկողմ կարևորություն ունեցող ոլորտներում:

Խորհրդարանի ղեկավարը կարևոր համարեց համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի և կրթության բնագավառներում, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր ջանքերը կներդնի հայ-հնդկական ջերմ և բարեկամական հարաբերությունները զարգացնելու տարբեր ուղղություններով: Երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի զարգացման և խորացման անհրաժեշտությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Դեսպանը անհրաժեշտ համարեց առևտրատնտեսական կապերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս: