21 հոկտեմբերի 2005 - 14:01 AMT
ԵՄ-ն կարող է կարեւոր դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին Բրյուսելում հայտարարել է, որ Եվրոպական Միությունը կարող է շատ կարեւոր դեր խաղալ ինչպես ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ բանակցությունների արդյունքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների իրագործման ընթացքում: Ռոբերտ Քոչարյանն ասել է այս մասին Եվրոպական Միության միասնական պաշտպանական եւ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հետ հանդիպումից հետո: Իր հերթին Խավյեր Սոլանան հույս է հայտնել, որ կողմերը կօգտագործեն գոյություն ունեցող հնարավորությունները` հակամարտությունը լուծելու համար եւ հայտարարել է այդ գործընթացին աջակցելու ԵՄ պատրաստակամության մասին:

Խավյեր Սոլանան եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել են, որ շփվել են ինչպես «հին, բարի ընկերներ» եւ քննարկել են երկու հիմնական թեմաներ. ղարաբաղյան հակամարտության կարագովորումը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: