ՏՄՊՊՀ ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտք եղել շուրջ 350 մլն դրամ

ՏՄՊՊՀ ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտք եղել շուրջ 350 մլն դրամ

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովը քննարկեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա ներկայացրեց 2012 թվականին գրանցված հակամրցակցային երևույթները՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովը պատասխանատվության միջոցառումների վերաբերյալ 214 որոշում է ընդունել, կիրառել է տուգանքներ, որի արդյունքում պետական բյուջե է մուտք եղել շուրջ 350 մլն դրամ: Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի իրականացրած հակամենաշնորհային, ինչպես նաև ներքին շուկայում մրցակցության ուժգնացմանը նպաստող քաղաքականության շնորհիվ հանրապետությունն առաջանցիկ տեմպեր է գրանցել: Հանձնաժողովը գնումներին վերաբերող խախտման բազմաթիվ դեպքեր է արձանագրել տարբեր կազմակերպություններում, բենզինի ներկրման, խմելու ջրի ծառայություններում, էլեկտրոցանցերի և մի շարք կարևորագույն շուկաներում բացահայտել է մրցակցային կանոնների չարաշահման դեպքեր ու պատասխանատվության ենթարկել այդ կազմակերպություններին:

Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը շարունակում է կատարել տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծություն, սահմանում է մրցակցային քաղաքականության գերակա ուղղությունները, ապրանքային շուկաներում մրցակցության խթանման համար անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում, մշակում է մրցակցության խրախուսմանն ու զարգացմանն ուղղված կարգավորման տարբեր մեխանիզմներ:

Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հարցի քննարկումն ընդհատվեց., քանի որ ավարտվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թվականի տարեկան գործունեության ծրագիրը Ազգային ժողովը կշարունակի քննարկել ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---