21 հոկտեմբերի 2005 - 14:27 AMT
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում ստեղծված իրավիճակով
ԱՄՆ ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակի առնչությամբ, հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակորմակը: Նրա խոսքերով, ամերիկյան ղեկավարությունը մտահոգված է ադրբեջանական իշխանությունների գործողություններով, որոնք ձերբակալում են ցուցարարներին եւ երկրի խորհրդարանի պատգամավորության թեկնածուներին: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը մտահոգված է Իլահմ Ալիեւի կառավարության գործողություններով, որոնք ուղղված են խոսքի ազատությունը սահմանափակելուն: «Նման գործողությունները հարցեր են առաջացնում ժողովրդավարությանը Ադրբեջանի կառավարության նվիրվածության վերաբերյալ»,-նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Նրա խոսքերով, հոկտեմբերի 20-ին Ադրբեջան այցելած պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը մեկ անգամ եւս ընդգծել էր ինչպես ընտրարշավը, այնպես էլ ընտրությունները ազնիվ եւ բաց անցկացնելու անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը օգոստոսի 27-ին հանձնարարել էր երկրի ՆԳՆ-ին ձերբակալել պատգամավորության թեկնածու Ռասուլ Գուլիեւին: Ռ.Գուլիեւը ձերբակալվել էր Սիմֆերոպոլի օդանավակայանում անցած շաբաթվա սկզբին եւ ազատ էր արձակվել հոկտեմբերի 19-ին ուկրաինական դատարանի որշմամբ, որն անբավարար էր համարել ադրբեջանական կողմի ապացույցները: Բացի այդ, նախօրեին Բաքվում ձերբակալվել էր «Azpetrol» ադրբեջնական նավթային ընկերության նախագահ Ռաֆիկ Ալիեւը եւ թուրք գործարար Բուրհան Բեկչին, որը մտադիր էր Թուրքիա մեկնել Ալիեւի հետ միասին: Վարկածներից մեկի համաձայն, իշխանությունները կասկածում են նրանց ընդդիմության հետ չափազանց սերտ հարաբերություններ ունենալու համար: Նախօրեին պաշտոնանկ էր արվել եւ ձերբակալվել Ադրբեջանի առողջապահության նախարար Ալի Ինսանովը, որին կասկածում են պետական հեղաշրջման նախապատրաստմանը մասնակից լինելու համար: Ավելի վաղ այդ նույն գործով ձերբակալվել էր Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիեւը: Նրան մեղադրում են իշխանությունը բռնի կերպով զավթելու եւ պահելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ծառայողական դիրքը չարաշահելու համար: Ավելին պաշտոնանկ է արվել նաեւ Ադրբեջանի նախագահի գործերի կառավարիչ Ակիֆ Մուրադվերդիեւը: