21 հոկտեմբերի 2005 - 15:00 AMT
Հայ սպայի սպանության գործով վկան կորցնում է հիշողությունը
«Ադրբեջանցի զինծառայող Անար Ալիեւի առողջական վիճակը, որը ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի հետ միասին մասնակցում էր Հունգարիայում անցնող դասընթացներին, բնութագրվում է որպես ծանր: Ներկայումս վատթարանում է նրա հիշողությունը: Զինվորական ծառայության ժամանակ նա 60 մ բարձրության վրա գտնվող ուղղաթիռից թռել է ջուրը, որի արդյունքում հիվանդացել է հեպատիտով, որը ծանր ընթացք է ունեցել»: Ադրբեջանցի պահեստի փոխգնդապետ Չինգիզ Ալիեւի խոսքերով, գերազանցությամբ ավարտելով բարձրագույն ռազմական ակադեմիան, Ա.Ալիեւը բուժվել է Գյուլհանեյում գտնվող Ռազմաբժշկական ակադեմիայում, սակայն չնայած դրան նա մինչ այժմ առողջական խնդիրներ ունի, հաղորդում է Day.az-ը:

Նշենք, որ Սեպտեմբերի 27-ին Բուդապեշտում` հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով կայացած դատական նիստին Անար Ալիեւը ներկա չի եղել: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գ.Մարգարյանի սպանության գործով փաստաբան, Փաստաբանների միջազգային միության անդամ Նազելի Վարդանյանը, Ռ.Սաֆարովի պաշտպանությունը բավականին հակասական բացատրություններ էր ներկայացրել նրա բացակայության վերաբերյալ` հավաստիացնելով, որ հաջորդ նիստին Ա.Ալիեւը անպայման կմասնակցի, որը կասկածելի է ըստ Ն.Վարդանյանի: Նրա խոսքերով, հարցաքննության ժամանակ մեղադրյալ Ռամիլ Սաֆարովը փորձել է ժխտել սպանությանը Անար Ալիեւի մեղսակցության հնարավորությունը, որը հանցագործությանը նախորդող տասը օրերին ապրել է Սաֆարովի հետ նույն սենյակում: Միեւնույն ժամանակ հայ փաստաբանը նկատել է, որ ըստ վկաների ցուցմունքների, փորձելով ներխուժել Հայկ Մակուչյանի սենյակ, Ռամիլ Սաֆարովը բղավել է. «Դուրս արի, հայ: Մենք ձեզ կսպանենք»: Այս փաստը վկայում է, որ սպանությունը ծրագրվել է Ա.Ալիեւի հետ միասին: Սաֆարովը նաեւ պնդել է, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը նախապես չի պլանավորել: Ռամիլ Սաֆարովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգելերն լեզվի դասընթացներին, գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպայի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանություն եւ մահափորձ մեկից ավելի մարդու նկատմամբ), որը ենթադրում է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: