21 հոկտեմբերի 2005 - 16:12 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ռազմական ոլորտում հաջողությամբ շարունակվում է
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Գոհունակություն հայտնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակով, որոնք հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար եւ այլ ոլորտներում, կողմերը նշել են, որ համագործակցության հետագա խթանմանը զգալիորեն նպաստում են նաեւ ինչպես վերջերս Երեւանում անցկացված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի, այնպես էլ ավելի վաղ Մոսկվայում կայացած ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերի արդյունքները, որոնցում քննարկվել եւ որոշումներ են ընդունվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Ընթացքի մեջ է երկու երկրների կառավարությունների միջեւ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում մտավոր գործունեության արդյունքների փոխադարձ պաշտպանության իրավունքի, երրորդ երկրներ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման գործում փոխգործակցության մասին համաձայնագրերի մշակումը, ինչը, ըստ նրանց, լրացուցիչ ազդակ կհանդիսանա ռազմատեխնիկական ոլորտում փոխշահավետ գործակցության զարգացման համար:

Անդրանիկ Մարգարյանը եւ Յուրի Բալուեւսկին, այդուհանդերձ, ուշադրություն են հրավիրել նաեւ մի շարք խնդիրների վրա: Նրանք ընդգծել են, մասնավորապես, ռազմա-արդյունաբերական բնագավառում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ շրջանակներում 2003թ. ապրիլին Դուշանբեում ստորագրված համաձայնագրին համապատասխան ռազմավարական ուղղություններից մեկը համարվող Երեւան-Ռոստով երկաթուղային հատվածի գործարկման, Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի` Հայաստանում տեղակայված միացյալ զորախմբի մարտական, տեխնիկական եւ թիկունքային ապահովման բարելավման, ՀԱՊԿ-ի անդամ երկրների համար զինվորական կադրերի պատրաստման վերաբերյալ 2005թ. հունիսին ստորագրված համաձայնագրի վավերացման եւ այլ հարցերը: Կողմերը մեկ անգամ եւս հավաստել են, որ ռազմական բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը ոչ միայն հաջողությամբ է ընթանում, այլեւ լավ հեռանկարներ ունի: