21 հոկտեմբերի 2005 - 17:12 AMT
Հոկտեմբերի 23-25 Երեւան կայցելի Եվրամիության Եռյակը
Հոկտեմբերի 23-25 Երեւան կայցելի Եվրամիության Եռյակը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունում: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Այցի նպատակը Եվրոպական Միության եւ Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից Հայաստանում վերջին ժամանակներս ծավալվող զարգացումների եւ Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի ԵՄ-ի հետ սերտացող հարաբերությունների առաջընթացի դիտարկումն է: Պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն` Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն, Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարություն Արեւելյան երկրների վարչության ղեկավար Սայմոն Սմիթը, ԵՄ Հանձնաժողովի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի ղեկավար Քուրթ Յուուլը, Վրաստանում եւ Հայաստանում ԵՄ Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեն, Եվրոպական Համայնքի Խորհրդի Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Պաոլո Բարոսոն: Նշենք, որ Երեւան կժամանի նաեւ Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հայդեմարիա Գերերը, քանի որ հաջորդ նախագահող երկիրը կլինի ԵՄ-ում: ԵՄ Եռյակն այսպես է անվանվում, քանի որ նրա կազմում ընդգրկված են գործող եւ հաջորդ նախագահող երկրների եւ ԵՄ Հանձնաժողովի ներկայացուցիչներ: