22 մարտի 2013 - 17:36 AMT
Հայ և բելգիացի փորձագետները միասին են աշխատում ՀԱԷԿ-ի համար սթրես-թեստերի վրա

ԵՄ-ն հանդես է գալիս Հայկական ԱԷԿ-ը փակելու օգտին դեռ 1994թ., սակայն կառավարության որոշման մեջ, որն ընդունվել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հայեցակարգի շրջանակներում, հստակ գրված է այն դրույթը, որ գործող ԱԷԿ-ի շահագործումը չի դադարեցվի, քանի դեռ շահագործման չի հանձնվել նոր էներգաբլոկը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ կառավարությանը կից Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի այն հայտարարությունը, թե ԵՄ-ն պնդելու է, որ ՀԱԷԿ-ի շահագործումը դադարեցվի:

ՀՀ կառավարությունը 2012թ. ապրիլին 10 տարով երկարացրեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Կառավարության որոշման մեջ ասվում է, որ ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011թ. 10 տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, այն ավարտվում է 2016թ. սեպտեմբերի 1-ին:

Անդրադառնալով սթրես-թեստերին՝ Աշոտ Մարտիրոսյանն ասել է, որ հայ և բելգիացի փորձագետները, որոնք լիազորված են ԵՄ կողմից, միասին են աշխատում փաստաթղթի վրա, որը կներկայացվի պետկոմիտեին 2013թ. հունիսին: «Մենք այն կքննարկենք, կանենք մեր առաջարները, որից հետո կներկայացնենք ԵՄ որպես ազգային զեկույց.,-հավելել է նա:

Նախատեսվում է կառուցել ՀԱԷԿ նոր էներգաբլոկը 1000 ՄՎտ հզորությամբ: Ըստ էներգետիկայի նախարարության, դրա համար կպահանջվի մոտավորապես 5 մլրդ դոլար: