22 մարտի 2013 - 18:24 AMT
Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովը նիստ է գումարել Աթենքում

Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Հունաստանում համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հունահայ համայնքային կառույցների և Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Այն իրականացնելու է իր աշխատանքը` համագործակցելով Հայաստանի և Հունաստանի համապատասխան պետական ու հասարակական կառույցների հետ: Հանձնաժողովը սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Սփյուռքի համանման կառույցների հետ: Նիստի ընթացքում քննարկվեցին նորաստեղծ մարմնի առջև կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները, առաջիկա քայլերը և հնարավոր միջոցառումների շրջանակը: Հանձնաժողովի անդամները մտքեր փոխանակեցին կազմակերպչական հարցերի շուրջ, հանդես եկան աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով և մեկնաբանություններով: