22 մարտի 2013 - 19:31 AMT
Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին հանրապետության արտաքին քաղաքականության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտարարում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի և վերջերս արտասահման կատարած աշխատանքային այցերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ու մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես, գարնանացանի հետ կապված հարցերի շուրջ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Նախագահ Սահակյանը կարևորել է 2013թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: