22 մարտի 2013 - 21:14 AMT
Ռ.Սաֆրաստյանը ԵՄ և Մեծամորի ԱԷԿ-ի մասին. Թուրքիան իր աշխարհաքաղաքական խնդիրն է լուծում

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012 թվականի Առաջընթացի զեկույցի այն մասը, որտեղ նշված է Մեծամորի ԱԷԿ-ի գործարկումը դադարեցնելու մասին:

«Թուրքիան, օգտագործելով ԵՄ մտավախությունները, փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Մեր տարածաշրջանում, եթե Իրանի Բուշերի ատոմակայանը հաշվի չառնենք, մեր ատոմակայանը միակն է: Իսկ երկիրը, որն ունի ատոմակայան, տարածաշրջանում ստանում է ռազմավարական մեծ առավելություն` իր հարևանների նկատմամբ: Թուրքիան դեռ նոր-նոր է պատրաստվում ատոմակայան կառուցել և, իհարկե, ձևական հայտարարություններով, թե ատոմակայանը կարող է վտանգ ներակայցնել, առաջին հերթին իր աշխարհաքաղաքական խնդիրն է լուծում», - ասաց թուրքագետը:

Նա նշեց, որ մենք պետք է կարողանանք ճնշումներին դիմակայել, որովհետև սա ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլև աշխարհաքաղաքական նշանակության հարց է: «Եվ ես կարծում եմ` լուծումը կգտնվի: Տարբերակներ կան», - ասաց Ռ. Սաֆրաստյանը, իսկ տարբերակների մասին նախընտրեց չխոսել` թողնելով այդ ուղղությամբ մասնագետներին: