22 հոկտեմբերի 2005 - 16:13 AMT
Եվրահանձնաժողովը սատարում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին
Եվրահանձնաժողովը սատարում է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոսոն նախօրեին Բրյուսելում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական Միությունը (ԵՄ) սատարում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին: «Ես կցանկանաի յուրօրինակ ուղերձով դիմել Հայաստանի ժողովրդին եւ հայտարարել սահմանադրական փոփոխությունների կարեւորության մասին` ինչպես հենց հանրապետության ապագայի համար, այնպես էլ ԵՄ-ի հետ նրա համագործակցության խորացման համատեքստում»,-հայտարարել է Բարրոսոն: Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, ասել է, որ ԵՄ կառույցներում իր բոլոր զրուցակիցները հայտարարել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարեւորության մասին: «Նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեից իսկապես շատ բան է կախված», - նշել է Հայաստանի նախագահը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: