ՀՀ-ԵՄ գործակցության նախատեսած 164 գործողությունից 125-ն ամբողջությամբ կատարվել է

ՀՀ-ԵՄ գործակցության նախատեսած 164 գործողությունից 125-ն ամբողջությամբ կատարվել է

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Եվրոպական Հանձնաժողովը և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչը հրապարակել են ՀՀ վերաբերյալ 2012թ. տարեկան զեկույցը: Այն բաղկացած է 2012թ. Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման գնահատման վերաբերյալ համատեղ հայտարարությունից:

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ԵՄ առաջընթացի զեկույցի շնորհանդեսին ներկայացրել է ԵՀՔ ծրագրով իրականացված աշխատանքները, ինչպես նաև առաջընթացի զեկույցում նշված թերացումները, մտահոգություները և առաջարկները:

«Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն նախատեսում է 164 գործողություն, որից 125 գործողություն Հայաստանն ամբողջությամբ կատարել է, մնացած գործողությունները մենք կիրականցնենք 2013 թվականին: Հայաստանում առաջընթաց է արձանագրվել մի շարք ուղղություններով: 2012-ին ստորագրվել է ԵՄ հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը` հեշտացնելով 13 սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների տեղաշարժը: Եվրոպական 20 երկրներ ՀՀ 13 խումբ քաղաքացիների համար մուտքը կհեշտացվի. ԵՄ-ն սահմանել է արտոնյալ ռեժիմ այդ քաղաքացիների համար։ Այսուհետև եվրոպական մի շարք երկրներ մեկնելը ավելի հասանելի կլինի լրագրողների, մարզիկների, ուսանողների, գիտնականների, արվեստի գործիչների և այլոց համար։ Սա երկարատև աշխատանքի արդյունք է, որը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին, որպեսզի էլ օրերով ու ժամերով չկանգնեն դեսպանատների դռների առջև: Նախկինում վճարվելիք 60 եվրոյի փոխարեն այս խմբերի քաղաքացիները այսուհետև կվճարեն 35 եվրո։ Առաջընթաց է նկատվում Հայաստանում սահմանային անվտանգության ապահովման ոլորտում: Կիրականացվի 61 միլիոն եվրո արժողությամբ Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենի, Բավրայի, Գոգավանի անցակետերի արդիականացման հավակնոտ ծրագիրը, որը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից սահմանային ենթակառուցվածքներ: Դրական տեղաշարժեր են արձանագրվել արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում: Հայաստանը հիմնել է Աղետների ռիսկերի նվազեցման ազգային հարթակ՝ «Հյոգոյի 2005-2015թթ. գործողությունների ծրագիր ազգերի և համայնքների` աղետներին դիմակայելու ունակությունների զարգացում» ծրագրի իրականացման համար: Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում գործում է Ճգնաժամերի կառավարման շուրջօրյա կենտրոնը», - ասել է Արթուր Բաղդասարյանը:

Նա տեղեկացրել է, որ զեկույցում նշվում է 2012թ. ընթացքում ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսության ակտիվացման մասին: «Զգալի առաջընթաց է գրանցվել ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններում: Այս բնագավառում Հայաստանը շարունակում է իրականացնել առողջ մակրոտնտեսական քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումներ: 2010թ. հուլիսին մեկնարկած Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ներկայումս գտնվում են եզրափակիչ փուլում: Նախատեսվում է հայաձայնագիրը ստորագրել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության 3-րդ գագաթնաժողովի ժամանակ:

Առաջընթաց է արձանագրվել նաև Գործողությունների ծրագրի շրջանակներում սոցիալական բևեռացման նվազեցման և սոցիալական համախմբվածության նպատակների իրականացման ուղղությամբ»,- նշել է Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ ապրիլին մարզերում բացվել է Մարդու իրավունքների պաշտպանի վեց գրասենյակ` նպատակ ունենալով հզորացնել այդ կարևորագույն հաստատության կարողություններն ու հասարակության համար մատչելիությունը: Ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարությունը: Եվրոպայի խորհուրդը հրապարակել է թրաֆիկինգի վերաբերյալ Հայաստանի առաջին գնահատման զեկույցը՝ ողջունելով պետության գործադրած ջանքերը: Հայաստանն ընդունել է Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորման նոր ռազմավարությունը: Իրականացվում է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիրը: 2013 թվականի ավարտին ՀՀ-ում կստեղծվի պրոբացիոն ծառայություն, որին զուգահեռ կմշակվի այլընտրանքային պատիժների կիրառման նորացված մոդելը, այն հնարավորություն կտա մարդկանց ազատազրկման չդատապարտել հանրության համար նվազ վտանգ ներկայացնող արարքների համար։ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրին վերաբերող դրական փոփոխությունը ԵՄ արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ներդրումն է, որով Հայաստանի տնտեսավարող սուբյեկտները շուրջ 3000 տեսակ ապրանքներ կարող են 0-ական և 3900 տեսակ ապրանքներ նվազեցված մաքսային վճարներով արտահանել ԵՄ անդամ երկրներ։

Ըստ զեկույցի` 2012թ. կայացած խորհրդարանական և 2013թ. կայացած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ դրանք ընդհանուր առմամբ եղել են թափանցիկ, և Հայաստանի իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառներում: Այդուհանդերձ` հետագայում շարունակական աշխատանքներ պետք է կատարվեն այդ բնագավառներում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու կապակցությամբ:

Հայաստանը հաշվի է առել ԵՄ ԵՀՔ նախորդ տարվա առաջընթացի զեկույցում արված մի շարք առանցքային առաջարկություններ. պատրաստել է ճանապարհային քարտեզ ընտրական գործընթացների բարելավման նպատակով, ինչպես նաև իրականացրել է համապատասխան միջոցառումներ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական մարմինների գործունեության կատարելագործմանը, ոլորտային բարեփոխումներին և օրենսդրական մոտարկմանը:

Խոսելով ԵՀՔ Հայաստանի 2012 թ. առաջընթացի զեկույցում նշված թերացումների, մտահոգություների և առաջարկների մասին` Արթուր Բաղդասարյանը վստահեցրել է, որ 2013-ին դրանց լուծմանը ևս ուշադրություն է դարձվելու և թվարկված առաջարկների իրականացման ուղղությամբ քայլերը կշարունակվեն:

Քաղաքական առաջարկներից ԱԱԽ քարտուղարը նշել է ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի պետական հանձնաժողովի գործունեության անկախության և թափանցիկության ամրապնդման, ընտրական օրենսդրության բարելավման ուղղությամբ իրականացվելիք քայլերը շարունակելու հաստատակամության մասին: Դատաիրավական բլոկի ԵՄ առաջարկություններից Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ոլորտում բարեփոխումների խորացման, դատավորների անկախության մեծացման, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում բարեփոխումների ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն ու աշխատանքները շարունակվում են:

Զեկույցում տեղ գտած սոցիալ-տնտեսական առաջարկություններից ԱԱԽ քարտուղարն առանձնացրել է աղքատության կրճատման, գործարար մթնոլորտի բարելավման, սննդի անվտանգության, հարկային և մաքսային համակարգերի, տնտեսական մրցակցության խորացման, քաղաքացի-պետություն գործարար շփումների նվազեցման մասին: «Ես որպես Հայաստան- Եվրամիություն հանձնաժողովի նախագահ` վճռական եմ արձանագրված բոլոր առաջարկությունները և մտահոգություններն ամբողջությամբ լուծելու հարցում»,- իր խոսքը եզրափակել է Արթուր Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---