24 հոկտեմբերի 2005 - 14:10 AMT
Հայաստանը կմիանա Հյուսիս-Հարավ միջանցքին
Հոկտեմբերի 20-21-ը Նյու Դելիում կայացել է Հյուսիս-Հարավ միջանցքի համակարգող խորհրդի երրորդ նստաշրջանը, որին մասնակցել են 14 երկրների պատվիրակություններ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համակարգող խորհրդի աշխատանքներին Հայաստանը ներակայացրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը եւ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Հոկտեմբերի 20-ի լիագումար նիստին ելույթ են ունեցել Հյսւսիս-Հարավ միջանցքի համաձայնագրի հիմնադիր պետությունների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան), նաեւ Հայաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Թուրքիայի պատվիրակությունների ղեկավարները: Ելույթում Հրանտ Բեգլարյանը նշել է միջանցքի կարեւորությունը եւ ընդգծել, որ Հայաստանը դեռ 2001 թ. պաշտոնապես հայտարարել էր Հյուսիս-Հարավ միջանցքի համաձայնագրին միանալու իր մտադրության մասին: Ներկայումս ՀՀ կառավարությունը ստացել է հիմնադիր պետությունների համաձայնությունը համաձայնագրին միանալու առնչությամբ: Ներպետական օրենսդրական ընթացակարգերն ավարտելուց հետո ՀՀ կառավարությունը պաշտոնական խողովակներով համապատասխան իրավական փաստաթղթերը կփոխանցի համաձայնագրի դեպոզիտար երկրին` Իրան: Եզրափակիչ նիստին ընդունվել են փորձագետների խմբի մշակած առաջարկությունները: Որոշվել է համակարգող խորհրդի հաջորդ նստաշրջանը գումարել 2006թ. երկրորդ կեսին Ղազախստանում: