24 հոկտեմբերի 2005 - 19:46 AMT
ԵՄ Հարեւանության քաղաքականության հաջող իրականացման համար անհրաժեշտ է ապաշրջափակել հայկական սահմանը
«Գործողությունների ծրագրի կիրառումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում կլինի այն ուղենիշը, որով Հայաստանը կուղորդվի մոտակա տարիներին հանրապետությունում առավել լիարժեք բարեփոխումներ իրականացնելու համար»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր Եվրամիության Եռյակի պատվիրակության հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ Վ.Օսկանյանի, հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է երեք հարց` Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին` Հայաստանի ԱԳ նախարարը ասել է, որ «այդ համագործակցությունը կարեւոր է եւ էական Հայաստանի համար, եւ հանրապետությունում բարեփոխումների անցկացման գրավականն է»: «Մենք կրկին հաստատեցինք, որ Հայաստանը պատրաստ է մինչեւ վերջ հասցնել Անհատական գործընկերության ծրագիրը, ինչպես նաեւ սկսել նրա շուտափույթ իրականացումը»,-հայտարարել է Վ.Օսկանյանը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Ինչպես եւ Բրյուսելում, մենք այսօր եւս ընդգծել ենք այն հանգամանքը, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը»: Նա նաեւ նշել է, որ «լուրջ հնարավորություններ է տեսնում նրա համար, որ ԵՄ-ն առավել հետեւողական լինի հայկական սահմանի ապաշրջափակման հարցը բարձրացնելում ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցություններում եւ պահանջի Թուրքիայից կատարել ստանձնած պարտավորություններրը, լավ հարաբերություններ հաստատելով հարեւանների, այդ թվում եւ Հայաստանի հետ»: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` Վ.Օսկանյանը նշել է, որ Հայաստանը կրկին հաստատում է իր դիրքորոշումը, ըստ որի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին երկու հանդիպումները դրական արդյունք են տվել: «Մենք լուրջ հնարավորություններ ենք տեսնում 2006 թվականիին դրական առաջընթաց գրանցելու համար, եթե Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո Բաքուն հետընթաց քայլ չանի»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը: