25 մարտի 2013 - 20:27 AMT
«Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը կանցկացվի ապրիլի 10-19-ը

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը ապրիլի 10-19-ը կազմակերպում են երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի նպատակը դասական արվեստի տարածումն է, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների համար շփման հարթակի ձևավորումը և փորձի փոխանակման հնարավորությունը:

«Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 11-14-ը կանցկացվի երաժիշտ-կատարողների միջազգային 5-րդ մրցույթը, ապրիլի 15-17-ը՝ երիտասարդ կոմպոզիտորների միջազգային 2-րդ մրցույթը, երգչախմբերի միջազգային 1-ին մրցույթը և «Մշակույթների երկխոսություն» թեմայով միջազգային 7-րդ գիտաժողովը: Մրցույթ-փառատոնի օրերին կկազմակերպվեն համերգներ և վարպետության դասեր՝ հայ և օտարազգի անվանի երաժիշտների մասնակցությամբ:

Երաժիշտ-կատարողների միջազգային 5-րդ մրցույթը կանցկացվի Գյումրու ուսումնական և մշակութային հաստատությունների դահլիճներում, մեկ փուլով, տարիքային տարբեր խմբերում և տըարբեր անվանակարգերում` Հաղթողները կարժանանան մրցանակների:

Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են հայ և օտարերկրյա առաջատար մասնագետներ: Մասնագիտական հանձնաժողովը կազմկոմիտեի համաձայնությամբ կարող է սահմանել հատուկ մրցանակներ առանձին մասնակիցներին: