
Հայաստանի առողջապահության նախարարությունն անդրադարձել է Օմբուդսմենի տարեկան զեկույցին: Նախարարությունը համաձայն չէ Օմբուդսմենի որոշ դիտարկումների հետ, որոնք վերաբերում են ԱՆ գործունեության ոլորտում արձանագրված թերացումներին: Օմբուդսմենը նկատել էր, որ առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ, որը հանգեցրել է բազում խտրական դրսևորումների դեպքերի, որոնց համար պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:
Նախարարությունից հայտնում են, որ համավճարից ազատման կամ համավճարի զեղչման դեպքերը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N318-Ն որոշմամբ: Համաձայն նշված որոշման հավելված 8-ի կետ 11-ի և համավճարից ազատման կամ զեղչման որոշումներն ընդունվում են բուժհաստատությունում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների կողմից՝ տվյալ բուժհաստատության եկամուտների հաշվին:
Հանրապետությունում բացակայող շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմների բացակայության մասին դիտարկմանը նախարարությունից պատասխանել են, որ Հայաստանը 2012 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրել է Եվրոպայի խորհրդի «Բժշկական ապրանքների կեղծման և առողջապահության ոլորտում նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի» կոնվենցիան: Հաշվի առնելով հայկական կողմի մասնագետների ակտիվ մասնակցությունը կեղծ դեղերի դեմ պայքարի աշխատանքներին, Եվրոպայի խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությունը ՀՀ առողջապահությւան նախարարության հետ համատեղ կազմակերպել է ԱՊՀ երկրների ոստիկանությունների, դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպությունների և մաքսային մարմինների աշխատակիցների համար 2012թ. նոյեմբերի 8-9-ին խորհրդաժողով-դասընթաց, որն իր դերը կունենա կեղծ դեղերի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու համար: Ապագայում ևս` հիշյալ կոնվենցիայի շրջանակներում միջազգային համագործակցությունը այս ոլորտում նախատեսվում է առավել ակտիվացնել:
«Բավարար քայլեր չեն ձեռնարկվել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` խոցելի խմբի անձանց անվճար դեղորայքով ապահովելու պարտականությունը»,-տարեկան զեկույցում գրել էր Պաշտպանը: « Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման նախագծի լրամշակված տարբերակը ներկայումս գտնվում է շրջանառության մեջ, որը կբարելավի բնակչության սահմանված սոցիալական խմբերին դեղերի ապահովման գործընթացը, համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք հնարավորություն կունենան օգտվելու անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերից: Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որի ընդունմամբ նախատեսվում է ներդնել դեղերի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովման նոր երաշխիքներ և մեխանիզմներ»,-պատասխանել են նախարարությունից: