Ա. Ցինկեր. Նեթանյահուի ներողությունը ոչ մի կապ չունի Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման հետ

Ա. Ցինկեր. Նեթանյահուի ներողությունը ոչ մի կապ չունի Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման հետ

PanARMENIAN.Net - Մինչ Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը դեռ շատ կա, իսկ Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը կախված է բազում գործոններից, սակայն ոչ Նեթանյահուի ներողությունից: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Իսրայելի Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:

«Ներողության մասին խնդրել է Օբաման, ԱՄՆ-ին հարկավոր են քիչ թե շատ նորմար հարաբերություններ Իսրայելի ու Թուրքիայի միջև, եթե համատեղ գործողություններ պահանջվեն Սիրիայի դեմ, իսկ ԱՄՆ-ն չկարողանա որևէ մեկի վրա հենվել: Սակայն, թե որքանով իրական կլինի ջերմացումը, մեծ հարց է: Էրդողանը չափից մեծ պահանջներ ունի և ես չեմ կարծում, որ Նեթանյահուն կգնա դրան: Եվ զարմանք են առաջացնում ԱՊՀ որոշ փորձագետների մեկնաբանությունները: Տպավորություն է առաջանում, որ նրանք զբաղվում են ոչ թե քաղաքականությամբ, այլ թվաբանությամբ»,-ասել է Ցինկերը:

Ինչ վերաբերում է Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկմանը, ապա պետք է լինի մեկը, որ առաջ տանի այդ հարցը: «Ինչպես հիշում եք, հարցն ակտիվորեն առաջ էին մղում պատգամավորներ Զեև Էլկինը, Զահավ Գալյոնը, Նինո Աբեսաձեն, նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, որն այսօրվա դրությամբ ամենահարգված ու մեծ կշիռ ունեցող քաղաքական գործիչներից է: Լավ կլինի, եթե հենց ինքը գլխավորի Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը: Նինո Աբեսաձեն չընդգրկվեց խորհրդարանում, Զեև Էլկինը դարձել է ԱԳ փոխնախարար: Եթե Լիբերմանը մնա ԱԳՆ ղեկավար, դա պարզ կդառնա հունիս-հուլիսին, ապա Իսրայելի արտաքին քաղաքականությունը առավել հավասարակշռված կլինի»,-ասել է Ցինկերը՝ հավելելով, որ ներողությունը Թուրքիայից ոչ մի կապ չունի Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---