26 մարտի 2013 - 14:05 AMT
Ռ.Հակոբյանը՝ հրաժարականների պահանջի մասին. Չի կարելի առաջնորդվել ինչ-ինչ անձնական շահեր լուծելով

«Ժառանգությունը» պահանջում է կեղծված ընտրությունների արդյունքները վերանայել, իսկ դա նշանակում է, որ պահանջում են և նախագահի, և վարչապետի, և ոստիկանապետի, և արդարադատության նախարարի և մյուս պաշտոններ ունեցողների հրաժարականը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Այսօր կան ուժեր, որոնք նախագահի հրաժարականը չեն պահանջում, այն դեպքում, երբ ընտրությունները կեղծվել են, բայց օրը 24 ժամ պահանջում են վարչապետի հրաժարականը»,- ասաց նա և ավելացրեց, որ այն քարոզչամիջոցները, որ ֆիքսված քննադատում են «Ժառանգությանը», թե ինչո՞ւ օրական 24 ժամ վարչապետի հրաժարականը չեն պահանջում, դեմագոգիայով են զբաղված:

Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ այսօր օլիգարխի թիկնապահը ավելի շատ լիազորություններ ունի, քան վարչապետը և չի կարելի այստեղ առաջնորդվել ինչ-ինչ անձնական շահեր լուծելով, իսկ պատճառն այն է, որ Հայաստանը օերնքով չի ապրում: