26 մարտի 2013 - 19:52 AMT
Արշակ Սադոյանը առաջարկներ է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը բաց նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բաց նամակում ասվում է.

«Ս/թ մարտի 21-ին «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության անունից ես դիմել էի Ձեզ որոշակի առաջարկությամբ: Սակայն և պարոն Ր.Հովհաննիսյանի կողմից հաջորդ օրը ուղարկված հայտնի նամակում և պատասխանի մեջ մեր առաջարկությանը առնչվող անդրադարձ չկար:

Հաշվի առնելով բարձրացված հարցերի բացառիկ կարևորությունը` այն, որ նոր կառավարության ծրագրում անհրաժեշտ է, որ ընդգրկված լինեն համապատասխան դրույթներ, մշակվեն և ժամանակին ընդունվեն Սահմանադրության համապատասխան փոփոխությունները, օրենսդիր, գործադիր մարմիններում, Սփյուռքում ձևավորվեն համապատասխան կառույցներ և հանրությունն էլ տեղեկացված լինի:

Այս Բաց նամակով կրկնում ենք մեր առաջարկությունը:

Աշխարհքաղաքական արդի զարգացումները, հեռահաղորդակցման ոլորտում առկա նվաճումները ներկայումս լայն հնարավորություններ են ընձեռում մեծ սփյուռք ունեցող ժողովուրդներին աշխարհով մեկ ինքնակազմակերպվելու, ձևավորելու գործուն կառույցներ, իրենց ուրույն տեղն ու դերը գրավելու քաղաքակրթական զարգացումներում: Հաշվի առնելով, որ`

• ներկայումս ՀՀ-ում բնակվողները 3 միլիոնից էլ պակաս են, իսկ Սփյուռքում մեր հայրենակիցների թիվը 6,5 միլիոնից ավելին է,

• մեծ դժվարությամբ դեռ կարողանում ենք դիմակայել ուծացմանը,

• և ռեալ հնարավորություն չկա առաջիկայում կազմակերպել զանգվածային ներգաղթ,

• առանց պետական կազմակերպված միջամտության հնարավոր չէ էապես դիմակայել ուծացմանը, ներազգային համագործակցության առողջ մթնոլորտ ձևավորել, պայմաններ ստեղծել նպատակաուղղված միասնական գործունեության համար,

• դեռ ունենք Սփուռքում գործող որոշ համազգային կառույցներ, քաղաքական ավանդական կուսակցություններ, ազգային ազդեցիկ բարեգործական կազմավորումներ,

• հայաստանյան կազմակերպություններից, պետական այրերից, դերակատարում ունեցող անձերից շատերը հստակ գիտակցում են, որ միայն ներազգային համագործակցությամբ, համատեղ ջանքերով է հնարավոր դիմակայել մարտահրավերներին,

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը գտնում է որ հրատապ անհրաժեշտություն է դարձել կյանքի կոչել իր ծրագրային հիմնական դրույթը` արագացնել Հայաստան մայրաքաղաք պետությամբ համազգային կառույցների ամբողջական համակարգի` նպատակային գործունեության սուբյեկտ Ազգ կազմակերպության ձևավորման գործընթացը: Հաշվի առնելով նաև, որ հետընտրական արդի զարգացումները, եթե այսպես շարունակվեն կարող են բացասաբար անդրադառնալ հայության ներուժը ի մի բերելու հարցում, սակայն դեռևս հնարավորություն կա քաղաքական համաձայնության հասնելու ճանապարհով, ոչ միայն շտկել իրավիճակը, այլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել. • համոզված լինելով, որ ակունքներով անմիջականորեն Սփուռքին կապված Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ՀՀ-ում ստացել է կես միլիոնից ավել ընտրողների քվեն, ունի համապատասխան փորձ, կարողություններ և վերը նշված գործըթացում լուրջ, կարևոր դերակատարում կարող է ունենալ.

• գտնելով, որ և Հանրապետական կուսակցությունը և անձամբ Նախագահ Ս.Սարգսյանը կարևորում են այդ գործընթացը և կաջակցեն, որ ձևավորվի համապատասխան լիազորություններ ունեցող մարմին, կատարվեն անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ, Սփյուռքում և կառավարությանը կից կազմավորվեն համապատասխան արդյունավետ կառույցներ,

• որ այդ գործըթացը կնպաստի նաև ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ժողովրդավարական բարեփոխումներին,

• հայտնելով մեր պատրաստակամությունը առանց պայմանի մեր բոլոր համապատասխան մշակումներն ու ծրագրերը տրամադրել.

Դիմում ենք շահագրգիռ բոլոր ուժերին առաջարկությամբ` գալ քաղաքական համաձայնության, համատեղված ուժերով ձևավորել կարգավորման, կառավարման մարմիններն ու առաջիկա երկու տարում մինչև մեծ եղեռնի 100–ամյակը աշխարհով մեկ կազմավորել իր արժեհամակարգով, հայեցակարգերով, իր ծրագրերով և խնդիրներով, արդյունավետ որոշումերի ընդունման մեխանիզմներով նպատակասլաց գործունեության ունակ Ազգ Կազմակերպություն:

Անձամբ համոզված եմ այս լայնամաշտաբ խնդրի առջև բոլոր անձնական և մյուս հարցերը պետք է ստորադասվեն»: