27 մարտի 2013 - 12:53 AMT
Նոր նշանակումներ են կատարվել ՀՀ գլխավոր դատախազության համակարգում

ՀՀ գլխավոր դատախազի 2013 թվականի մարտի 27-ի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ, ասվում է դատախազության մամլո հաղորդագրության մեջ:

Այսպես՝ Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից։

Վերջինիս փոխարեն նշված վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Հարությունյանը՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից։

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից։ Իսկ նշված վարչական շրջանների նախկին դատախազ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ։