27 մարտի 2013 - 13:07 AMT
Ակտիվիստները ապրիլի 9-ին նախագահի նստավայր չեն գնա. Մեկ միլիոնանոց երթը հետաձգվում է

Ապրիլի 9-ին նախատեսված մեկ միլիոնանոց երթը դեպի նախագահի նստավայր հետաձգվում է մինչև մայիսի 1-ը: «Մեկ միլիոնանոց երթ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արշակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երթի հետաձգման պատճառները մի քանիսն են:

Նախ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները կողմ չեն եղել նախաձեռնությանը՝ նշելով, որ երթի կազմակերպումը կարող է պատճառ դառնալ մեծ սադրանքի և խանգարել ապրիլի 9-ին նախատեսված միջոցառումներին՝ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի «երդմնակալության» արարողության անցկացմանը: «Ժառանգության» թիմակիցները երթի կազմակերպիչներին ասել են, որ այդ նախաձեռնությունը կարող է պառակտում մտցնել ժողովրդի մեջ: Մինչդեռ Արշակ Զաքարյանը հավաստիացնում է` քաղաքացիական երթի անցկացումը չի խանգարելու Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթանցներին, ընդհակառակը` լրացնելու է:

Նա նաև տեղեկացրեց, որ մայիսի 1-ին՝ Աշխատավորության օրն, իրենք դուրս կգան փողոց՝ հայտնելու իրենց դժգոհությունն ընտրությունների արդյունքների և երկրում տիրող ծանր իրավիճակի շուրջ, իսկ բողոքի ակցիայի ձևաչափի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Ասուլիսին ներկա էր նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հայտարարեց, որ միանում է այս նախաձեռնությանը, քանի որ այն համարում է գործնական քայլ, որը հնարավորություն է տալիս միավորել քաղաքական և քաղաքացիական ուժերին: Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց, որ ապրիլի 12-ին տեղի կունենա շարժման հիմնադիր ժողովը, որին կարող են մասնակցել երկրի ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիական և քաղաքական ուժերը:

Ավելացնենք, որ «Մեկ միլիոնանոց երթ» նախաձեռնությանն արդեն միացել է շուրջ 10 հազար քաղաքացի: