27 մարտի 2013 - 13:54 AMT
ՄԻՊ ուղղված բողոքի առնչությամբ բնապահպանության նախարարությունը իրականացրել է ներքին ծառայողական քննություն

Բնապահպանության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան, հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ Պաշտպանին ուղղված բողոքի առնչությամբ իրականացվել է ներքին ծառայողական քննություն: Արդյունքում արձանագրվել է, որ աշխատանքային կարգապահության խախտումները թույլ են տրվել աշխատողների կողմից, միաժամանակ, վերջիններիս կողմից ներկայացվել է զղջման գրություն` ուղղված ՊՈԱԿ-ի տնօրինությանը:

Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունից հայտնել են, որ Պաշտպանի գրության հիման վրա «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում Աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվել է, ըստ անհրաժեշտության, ստուգում: Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք խախտումներով` թվով 18 աշխատողների հետ չի կատարվել վերջնահաշվարկ մոտ 2 մլն դրամի չափով, չեն լրացվել և աշխատողներին չեն հանձնվել աշխատանքային գրքույկները:

Նշվել է նաև, որ Աշխատանքի պետական տեսչության կողմից գործատուին կտրվի արձանագրված խախտումները վերացնելու և դրանք կանխարգելելու նպատակով պարտադիր կատարման հանձնարարական, և կկիրառվեն վարչական տույժեր: