5 փետրվարի 2003 - 18:50 AMT
ՊՅԱՏԻԳՈՐՍԿՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
Պյատիգորսկում կայացել է «Արդի ժամանակաշրջանում հայագիտության զարգացման հիմնական ուղղությունները» թեմայով կոնֆերանս, որը ոչ քիչ թվով մասնակիցներ էր հավաքել: Նման միջոցառում, որը կազմակերպել էին Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի տարածշրջանային բաժանմունքը, Պյատիգորսկի հայկական ազգային մշակութային ինքնավարությունը եւ «Արմենիստիկա» համաշխարհային եւ հայկական պատմության երկրպագուների ակումբը, Ստավրոպոլում անց էր կացվում առաջին անգամ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, կոնֆերանսի ընթացքում հնչել են բազմաթիվ զեկույցներ, որոնց թվում` «Հյուսիսային Կովկասում հայերի բնակեցման պատմությունը», «Ստավրոպոլի հայկական սփյուռքի կայացումն ու զարգացումը եւ արդի էթնոքաղաքական գործընթացները», «Հայկական Եկեղեցին եւ նրա ազդեցությունը հայ ժողովրդի մտածելակերպի վրա», «Հայ գեներալների մասնակցությունը Հյուսիսային Կովկասի ռազմական գործողություններին» եւ այլ թեմաներով: