28 մարտի 2013 - 14:45 AMT
Երևանից դուրս լիցենզիաները կտրամադրվեն մեկ պատուհանի սկզբունքով՝ 30-ի փոխարեն 5 օրյա ժամկետում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում բարեփոխումների փաթեթը:

Համաձայն փաթեթի՝ առաջարկվում է Երևանից դուրս մեկ պատուհանի սկզբունքով լիցենզավորման գործընթացներում փաստաթղթերի ներկայացման և ստացման կարգ:

Ֆիզիկական անձանց կողմից մեկ ավտոմոբիլով մարդատար-տաքսի ուղևորափոխադրումների իրականացման ժամանակ առաջարկվում է միավորել հարկը և պետական տուրքը՝ հետևյալ տրամաբանությամբ՝ Երևան քաղաքում ամսական՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով կամ եռամսյակային՝ բազային տուրքի 34-ապատիկի չափով կամ տարեկան՝ բազային տուրքի 120-ապատիկի չափով: Այլ քաղաքներում գումարն ավելի քիչ է: Ընդ որում, պետական տուրքը գանձվում է ըստ հայտատու ֆիզիկական անձի հաշվառման վայրի: Սա նաև հնարավորություն կտա հարկային հաշվետվություններ չներկայացնել, ինչը կազատի վարորդներին՝ նման ծառայություններ մատուցողներին 3000 դրամ վճարելուց:

Կազմակերպությունների համար սահմանվում է լիցենզիայի պետական տուրք՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար տարեկան 25.000 դրամ մինչև 8 մեքենա, իսկ 8-ից ավելը՝ 200.000 դրամ: Սա հնարավորություն կտա խուսափել տուրքի կտրուկ աճից:

Հանվել է դեղին հիմնագույնի համարանիշների պահանջը և փոխարենը սահմանվել է ինքնակպչուն կտրոններ, ինչը շուկա մտնող նոր բիզնեսին կազատի 17.000 դրամկատարվող պետական տուրքի վճարումից:

Հանվել են ամենօրյա բուժզննման և տրանսպորտային միջոցի տեխզննման պահանջները, հավաքակայան ունենալու պահանջը: Սա հնարավորություն կտա կրճատել կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև նախկինում համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելու համար միջնորդ կազմակերպություններին կատարվող վճարումները, ինչը շուկայում մոտավորապես կազմում է ամսական 10.000-15.000 դրամ:

Հստակեցվել է լիզենզիայի տրման գործընթացը, էականորեն կրճատվել են լիցենզիայի տրման ժամկետները՝ նախկին 30 օրվա փոխարեն լիցենզիան կտրվի 5 աշխատանքային օրվա ընթացքում և տաքսի գործունեություն իրականացնողները կշփվեն միայն մեկ պետական մարմնի հետ:

Այսպիսով յուրաքանչյուր մեքենայի հաշվարկով տաքսի գործունեություն իրականացնողները կխնայեն ամսական 10.000-15.000 դրամ (բուժզննման, տեխզննման, հավաքակայանի, հարկային հաշվետվության ներկայացման պահանջների վերացում): Հաշվի առնելով, որ այսօր շուկայում առկա է մոտ 10.000 տաքսի՝ տարեկան խնայողությունը կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ: