28 մարտի 2013 - 16:40 AMT
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական տեղեկատվությունը

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը հայտարարում է լուրջ անճշտությունների մասին, որոնք արձանագրվել են Ադրբեջանի Հանրապետության Day.Az. ինտերնետ-ռեսուրսի վերջերս զետեղած հրապարակման մեջ:

«Սանկտ Պետերբուրգում կանխվել է հայկական սադրանքը ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստում» 2013թ. փետրվարի 26-ի հոդվածում հրապարակման հեղինակները բերել են անհավաստի փաստեր: Դատելով նյութից, իրադարձություններն իբր շարադրված են միլի մեջլիսի պատգամավորի, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ-ում միլի մեջլիսի ներկայացուցչի խոսքից:

Ըստ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության մամուլի ծառայության, տեղեկատվությունն ու ներկայացման եղանակաը խեղաթյուրում են կատարվածը մշտական հանձնաժողովի նիստում: Իրադարձությունները ծավալվել են Լեռնային Ղարաբաղում 1992թ. փետրվարի իրադարձությունների շուրջ:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ չեն համապատասխանում իրականությանը խոսքերն այն մասին, որ «արծարծված հարցը արժանի աջակցություն ստացավ բոլոր պատգամավորների շրջանում, ի թիվս Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու այլ պետությունների ներկայացուցիչների»: Հանձնաժողովի նիստի մասնակիցներն ընդհանրապես չեն քննարկել ադրբեջանական կողմի տեղեկատվությունը: Հայտնի է, որ Խոջալուի իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանվում Ադրբեջանում ու Հայաստանում:

Լրագրողները ևս մեկ մեջբերում են անում. «Հարցի իրավաբանական հիմնավորումն ըմբռնումով է ընկալվել ՄԽՎ անդամների կողմից»: Նման բան ևս չի եղել, ինչը հաստատում է նիստի ձայնագրությունը:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը գտնում է, որ նման նյութերը բացասաբար են անդրադառնում ԱՊՀ ՄԽՎ կերպարի վրա, քանի որ ԱՊՀ ՄԽՎ-ն առաջին հերթին ազգամիջյան շփման հարթակ է: Այն կոչված է միավորելու ժողովրդներին, ոչ թե հակամարտություն հրահրելու:

Մամուլի ծառայությունը գտնում է, որ կողմերն իրենց բողոքներն ու մտահոգությունները պետք է ներկայացնեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: