28 հոկտեմբերի 2005 - 15:12 AMT
ԶԼՄ-ները կարող են մեծապես նպաստել արդար եւ թափանցիկ հանրաքվեի անցկացմանը
«Կարծիք հայտնելու եւ ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է»,-այսօր Երեւանում անցնող «ԶԼՄ-ների պրոֆեսիոնալիզմը եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի լուսաբանումը» թեմայով սեմինարում, որի կազմակերպիչն է ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը, հայտարարել է Հայաստանում Եվրախորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուռումովան: Նա նշել է, որ հանրությունը պետք է իրական լրատվություն ստանա, ճիշտ ընտրություն կատարելու համար: Նրա կարծիքով, ԶԼՄ-ները, պահպանելով պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, կարող են մեծապես նպաստել արդար եւ թափանցիկ հանրաքվեի անցկացմանը: Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը կարծիք է հայտնել, որ հանրաքվեի դրական ելքը կապահովի Հայաստանի զարգացումը մոտակա 20 տարիներին: Նրա խոսքերով, մեծ նշանակություն է տրվում ԶԼՄ-ների բարձր մասնագիտական մոտեցմանը` հանրաքվեի լուսաբանման եւ իրական տեղեկատվությամբ քաղաքացիների ապահովման գործում: Սահմանադրական փոփոխությունների համատեքստում, նա կարեւորել է անկախ ԶԼՄ-ների զարգացումը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում երկրում կատարվող փոփոխությունները: «Մենք ցանկանում ենք, որ փոփոխությունները ավելի թափանցիկ լինեն»,-նշել է Մ.Շահգելդյանը: