28 մարտի 2013 - 15:53 AMT
Թուրքական բանակում սպանված հայ զինծառայողի ծնողները բողոքարկելու են դատարանի վճիռը

Թուրքական բանակում 2011 թ. ապրիլի 24-ին սպանված ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչիի ծնողները համաձայն չեն դատարանի կայացրած վճռին և հայտարարել են, որ բողոքարկելու են այն: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:

Հայ զինվորին սպանած նրա ծառայակից Քըվանչ Աղաօղլուին Դիարբեքիրի զինվորական դատարանը դատապարտել է ընդամենը 4,5 տարվա ազատազրկման, և հաշվի առնելով, որ որոշ ժամանակ նա կալանքի տակ է եղել, ազատազրկման ժամկետը նվազեցվել է 3 տարի: Դատարանն այդ վճիռը կայացրել է հիմնավորելով, որ սպանությունը կատարվել է «ոչ դիտավորյալ, այլ` անփութության հետևանքով»:

Փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, որ Սևակի սպանության մեջ դիտավորություն են տեսնում, այն անփութության կամ անզգուշության հետևանք չէ: Եվ իրենք բողոքարկելու են վճիռը, քանի որ դատարանն անտեսել է իրենց ներկայացրած որոշ փաստեր և ապացույցներ, պատասխանատվության չի ենթարկել սպանության համար պատասխանատու բարձրաստիճան զինվորականներին և ճնշում է գործադրել սպանության ականատեսների վրա, ովքեր պաշտոնական տեսակետին հակասող ցուցմունքներ են տվել: