28 հոկտեմբերի 2005 - 17:58 AMT
Միջազգային ճգնաժամային խումբը մշակում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ծրագիր
Հարավային Կովկասի գծով Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե կազմակերպությունը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր: Նշենք, որ այդ ոչ կառավարական կազմակերպությունը պարբերաբար զեկույցներ է նախապատրաստում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ, ընդ որում վերջերս նրա ուշադրությունը տարածաշրջանի հենդեպ աճել է: Մեկնաբանելով այս հարցը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը ոչ կառավարական կազմակերպություն է եւ իր առջեւ դրված խնդիրներից մեկը իրավիճակի ուսումնասիրությունն է Հարավային Կովկասում: «Հարավային Կովկասի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Այդ կազմակերպությանը ավելի շատ հետաքրքրում են Ադրբեջանում ընթացող գործընթացները: Ներկա իրավիճակում առավելագույնս ուշադրություն են գրավում առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունների վերաբերյալ միջազգային դիրքորոշումը հայտնի է, եւ վերջերս այն դարձել է առավել կատեգորիկ»:

Ըստ Ն.Մամեդովի, Միջազգային ճգնաժամային խումբը առաջարկներ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նա նշել է, որ այդ կամակերպությունը նախկինում եւս զեկույցներ էր պատրաստում այդ խնդրի վերաբերյալ, սակայն այժմ ջանում է առավել օբյեկտիվ դիրքորոշում որդեգրել: «Սակայն կազմակերպության վերջին զեկույցը մեզ չի գոհացնում: Առաջինը`, այն պատճառով, որ Միջազգային ճգնաժամային խմբի առաքելությունը այնքան էլ պարզ չէ ադրբեջանական կողմի համար: Այդ կազմակերպությանը ոչ ոք չի հանձնարարել ղարաբաղյան կարգավորման որեւէ ծրագիր կազմել: Ինչպես եւ այլ ոչ կառավարական կազմկերպությունները, Միջազգային ճգնաժամային խումբը ինքն է որոշում, թե ինչ աշխատանք կատարի: Հնարավոր է, իրենք ինչ-որ շրջանակների պատվեր են կատարում»: