29 մարտի 2013 - 10:16 AMT
Պ.Հայրիկյանն` իր բուժման համար հատկացված գումարի շուրջ դժգոհողների մասին. Իրենց թույնով թող տապակվեն

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն արդեն Հոլանդիայում է, ուր մեկնել է մահափորձից հետո անրակի շրջանում ստացած վնասվածքը բուժելու: Ֆեյսբուքյան իր էջում ԱԻՄ առաջնորդը հայտնում է, որ ամեն ինչ կախված է ապաքինման ու վերականգման ընթացքից:«Վախենում էի երկար ճանապարհի դժվարություններից, բայց հաղթահարվեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիևում։ Կեսօր չեղած արդեն Ամստերդամում էի։ Մերոնք դիմավորեցին և արդեն հասցրինք առաջին նախնական այցն անել բժշկին։ Առաջին խոսքն այն էր, որ այդպիսի կրակոցից հետո հրաշք է ողջ լինելս։

Իմացա, որ որոշ խղճուկներ խիստ հուզվել են` իմանալով, որ իմ առողջանալու գործին նաև մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։ Ուշադրություն մի դարձրեք. անորակություններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցավերի մեջ էի, դրանք չկային, ինչպես և չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամյակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետությունն իմ հանդեպ էլ է անում այն, ինչ պարտավոր է անել ցանկացած պետություն, կատաղել են։ Իրենք իրենց թույնով ու նախանձով էլ թող տապակվեն»,- գրել է Պարույր Հայրիկյանը:

Ավելացնենք, որ երեկ կառավարությունը պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել է 20.5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար)` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով:

Սոցիալական ցանցերում դժգոհություն էր բարձրացել, որ կառավարությունն այդքան գումար է հատկացրել Պարույր Հայրիկյանի բուժման համար, իսկ մյուս քաղաքացիներին, ովքեր ևս լուրջ առողջական խնդիրներ ունեն, նման օգնություն պետությունը չի ցուցաբերում:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Հետագայում վնասվածքի հետ կապված բարդություններ են առաջացել: