28 հոկտեմբերի 2005 - 19:57 AMT
Մայքլ Դան. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել Վաշինգտոնի պաշտպանության ազգային համալսարանի նախագահ գեներալ Մայքլ Դանի հետ:Այդ մասին PanARAMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Անդրադառնալով ազգային անվտանգության հարցում Հայաստանի գլխավոր մարտահրավերներին` նախարար Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք երկուսն են. «Առաջինն այն է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները` հեռացնելու համար պատերազմի վտանգը, ինչպես նաեւ` բարելավելու հարաբերությունները հարեւանների հետ, քանզի մինչ օրս ադրբեջանցիները շարունակում են խոսել Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Երկրորդ մարտահրավերը բոլոր բնագավառներում մեր կառավարման բարելավման խնդիրն է»: Նախարարը նկատել է, որ պետական կառույցների լիարժեք կայացման եւ կառավարման բարելավման հետ են կապված թե կոռուպցիայի դեմ պայքարը, եւ թե աղքատության հաղթահարումը: «Մենք պատրաստ ենք ձեզ ցանկացած օժանդակություն ցուցաբերել: Դուք պետք է իմանաք, որ Միացյալ Նահանգները կանգնած է ձեր թիկունքին», -ասել է գեներալ Մ.Դանը: