28 հոկտեմբերի 2005 - 20:03 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը կոչ է արել ադրբեջանցիներին բացառել պատերազմական գործողություններ սկսելու հնարավորությունը
«Շատ ուրախ եմ, եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ ես հնարավորություն ունեմ երբեւէ պայքարելու նախագահի պաշտոնի համար, բայց կարծում եմ` դեռեւս վաղ է ընտրություններից երկուսուկես տարի առաջ դրա մասին խոսելը, մանավանդ, որ այս անգամ նախագահականին նախորդելու են խորհրդարանական ընտրությունները: Ուստի կախված նրանից, թե ինչպիսի վստահություն կունենա իմ աջակցած քաղաքական ուժը, համաձայն դրա էլ որոշում կկայացվի», -ասել է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` ԱՄՆ Ազգային մամլո ակումբում ` որտեղ լրագրողները հարցեր են բարձրացրել ՀՀ սահմանադրական բարեփոխումների, Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ նախագահական ընտրություններում նրա թեկնածության հնարավոր առաջադրման վերաբերյալ: Այդ մասին PanARAMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը նա հայտարարել է, որ Հայաստանը լրջորեն է տրամադրված` խնդիրը լուծել խաղաղ եղանակով: «Եթե նման մոտեցումը գերակայի նաեւ Ադրբեջանում, կարելի է խոսել բոլոր հարցերի, այդ թվում` անվտանգության գոտու մասին: Եւ ես կոչ եմ անում ադրբեջանցիներին` բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, որովհետեւ ցանկացած ելքի պարագայում դրանք շատ մեծ վնաս են հասցնելու եւ Հայաստանին, եւ Ադրբեւջանին», -ընդգծել է նախարարը: