28 հոկտեմբերի 2005 - 23:31 AMT
Ռ.Սիմոնս. ՆԱՏՕ-ն հուսով է, որ ղարաբաղյան խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով
ՆԱՏՕ-ն պետք է բաց լինի իր գործընկերների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը` հանդես գալով այսօր Երեւանում տեղի ունեցած «կլոր սեղանի» ժամանակ, որը կազմակերպել էր «Spectrum» Ռազմավարական վերլուծությունների կենտրոնը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն գործընկերային հարաբերություններ է զարգացնում այն երկրների հետ, որոնք թշնամիներ են համարվել սառը պատերազմի տարիներին, եւ այդ պատճառով ստեղծվել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը (Partnership for Reace): Այս ծրագիրը, փաստորեն, օգնում է ոչ միայն ՆԱՏՕ-ին, այլ նաեւ այն երկրներին, որոնք մասնակցում են այդ ծրագրին: «Համագործակցության ծրագիրը, որը մենք մշակել ենք, ծրագրի իրագործման ընթացքում կօգնի այդ երկրների զարգացմանը ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաեւ այլ ոլորտներում: 2002 թվականին Հայաստանը, միանալով ծրագրի առաջին փուլին, հնարավորություն ստացավ համագործակցելու ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաեւ նպաստելու խաղաղության ամրապնդմանը, մասնակցելու խաղաղպահ գործողությանը Կոսովոյում,-նշել է նա: Ռ.Սիմոնսն ավելացրել է, որ բացի այդ ՆԱՏՕ-ն կարող է նպաստել այնպիսի մոդելի ստեղծմանը, որը կնպաստի կարեւոր բարեփոխումների անցկացմանը երկրի զինված ուժերում:

Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Հայաստանը որոշել է մասնակցել համագործակցության երկրորդ փուլին եւ հաստատել է Անհատական գործընկերության ծրագիրը (IPAP), որը փաստորեն, թույլ է տալիս օգտագործելով ՆԱՏՕ-ի երկրների փորձը, ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակել գործողությունների ծրագիր որոշ ոլորտների համար, որոնք թույլ կտան Հայաստանին առաջ ընթանալ եւ անցկացնել համապատասխան բարեփոխումներ: «ՆԱՏՕ-ն շատ ուրախ է համագործակցել Հայաստանի հետ այդ ոլորտներում եւ աջակցել երկրի զարգացմանը: IPAP-ով նախատեսված գործողությունները կարեւր քայլեր են, որոնք շատ օգտակար կլինեն Հայաստանի համար»,-նշել է Ռ.Սիմոնսը: Նրա խոսքերով, IPAP-ով նախատեսված գործողություններից մեկը քաղաքական ոլորտն է, այսինքն այն, «թե ինչպես Հայաստանը կկարողանա հաջողությամբ ինտեգրվել եվրաատլանտյան կառույցներին առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու, կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները եւ այլն»: «Մենք սահմանել ենք կոնկրետ նպատակներ Հայաստանի համար եւ կօգնենք Երեւանին հասնել այդ նպատակներին»,-ավելացրել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքերով, Ծրագրի մեկ այլ դրույթ նախատեսում է պաշտպանական պլանավորման ռազմավարության մշակում եւ ընդգրկում է ավելի լայն հնարավորություններ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու համար: «Եվս մեկ ուղղություն կապված է հասարակական ոլորտի հետ: Շատ կարեւոր է, որ բնակչությունը տեղեկացված լինի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին»,-հայտարարել է Ռ.Սիմոնսը:


Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն նպատակ չունի մրցակցության մեջ մտնել այլ երկրների եւ կազմակերպությունների, մասնավորապես Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների տեսակետից: «Մենք ուրախ ենք, որ ՆԱՏՕ-ի գործընկերները զարգացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ընթացքում նշվել էր, որ դա լավ մոդել է: Ոչ ոք իրավասու չէ պահանջել Հայաստանից ընտրություն կատարել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: «Մենք գիտենք, որ Հայաստանում կան խնդիրներ անվտանգության ոլորտում, մասնավորապես կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ մենք չենք ցանկանում միջնորդի դեր խաղալ, քանի որ դրանով զբաղվում է ԵԱՀԿ-ն: Սակայն մենք հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Մենք կընդունենք կարգավորման այն տարբերակը, որն ընդունելի կլինի ձեզ համար»,-ընդգծել է Ռոբերտ Սիմոնսը: