Իրանում իրավիճակի ցանկացած լարում, անկասկած, պետք է մտահոգի Հայաստանին

PanARMENIAN.Net - «Իրանում իրավիճակի ցանկացած լարում, անկասկած, պետք է մտահոգի նաեւ մեզ: Մենք մտահոգված ենք Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությամբ Իսրայելի վերաբերյալ, եւ դրա արդյունքում ստեղծված իրավիճակով»,-հայտարարել է «Հայ դատի» երեւանյան գրասենյակի եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը: «Թե ինչու է նա նման հայտարարություն արել, ինչ նպատակով, չգիտեմ, սակայն ստեղծված իրավիճակը շատ է մտահոգում մեզ: «Իրանի անվտանգությունը, նրա տարածքային ամբողջականությունը մեզ համար կարեւոր, ռազմավարական խնդիր է: Իսկ երբ այդ ամենը վտանգի է ենթարկվում, դա մեզ չի կարող չմտահոգել»,-հայտարարել է Կիրո Մանոյանը: Այն հարցին, թե կարելի է արդյոք դիտարկել Իրանի նախագահի հայտարարությունը որպես ապացույց այն բանի, որ Թեհրանը միջուկային զենք ունի, Կիրո Մանոյանը պատասխանել է.«Դա չի կարող ապացույց համարվել, քանի որ Ահմադինեջադը մեջբերում էր այաթոլա Խոմեյնիի խոսքերը: Խոմեյնիի ժամանակ Իրանը միջուկային զենք չուներ, եւ պարտադիր չէ, որ այժմ ունենա: Սակայն ներկայիս նախագահի խոսքերն ինքնին առիթ են տալիս այդպես մտածելու: Ուղղակի Իրանի նախագահը ջուր լցրեց ոմանց ջրաղացին», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը բավականին խիստ է արտահայտվել պաղեստինա-իսրայելյան խնդրի վերաբերյալ: Նա հայտարարել է, թե «Իսրայելը պետք է ջնջվի երկրի երեսից»: Այդ խոսքերը բացասական արձագանք են ստացել ողջ աշխարհում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---