29 մարտի 2013 - 16:44 AMT
Արցախի վարչապետն ասում է` չվերթը կարող է լինել այս գարնանը, Ադբաշյանն` ավելացնում. Գարունը դեռ չի վերջացել

Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքները չեն մեկնարկում տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք շարունակում են մնալ չլուծված: Արցախի Հանրապետության կառավարությանը կից քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում թռիչքները սկսելու կոնկրետ ժամկետներ դարձյալ չնշեց: Դիտարկմանը, թե Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրությում ասել է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև առաջին չվերթը կարող է կայանալ այս գարնանը, Դմիտրիյ Ադբաշյանը պատասխանեց. «Գարունը դեռ չի վերջացել»:

Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կթույլատրի դեպի Ստեփանակերտ քաղաքացիական օդանավերի թռիչքները: «Դրանք լինելու են միջազգային կազմակերպությունների կանոններին ու պահանջներին համապատասխան: Մենք այդ կանոններից մի քայլ չենք ուզում շեղվել: Շատ բան կախված է Լեռնային Ղարաբաղի ավիացիոն իշխանությունների ակտիվ աշխատանքից, եթե իրենք ավարտեն աշխատանքները, մենք պատրաստ ենք»,- ասել էր նա: Արտյոմ Մովսիսյանն էլ էր հրաժարվել կոնկրետ ժամկետներ նշելուց, ասելով, որ դա անշնորհակալ գործ է:

«Ստեփանակերտի օդանավակայանը լավն է ու գեղեցիկ, փոքր է, սակայն դա բավարար է ուղևորափոխադրումների համար: Թռիչքուղին լավ վիճակում է, թռիչքային անվտանգության տեսանկյունից չափանիշները լիովին բավարար են, սակայն կան մի քանի ոչ մեծ լուծելի տեխնիկական խնդիրներ՝ կապված օդանավերի սպասարկման հետ»,- ասել է նա՞ Արտյոմ Մովսիսյանը տեղեկացրել է, որ Արցախը օդանավեր չունի, թռիչքները կիրականացնեն հայաստանյան 19 տեղանոց օդանավերը: Թռիչքի տևողությունը կլինի 45-50 րոպե: