
Երեկ Երևանի գրադարաններից մեկում գրքի շնորհանդես էր: Չհստակեցնեմ` որ գրադարանում ու ինչ գրքի` ինձնից մեծերին չկոպտելու համար, բայց լավ կլիներ` կարդային գրածս: Շնորհանդեսի հենց սկզբում գրականագետներից մեկը նշեց` այսպիսի միջոցառումներին մասնակցում են այն շատ քիչ մարդիկ, ովքեր գիրքն իրականում են գնահատում: Բոլորը` հիմանականում կիրթ ու բանաստեղծ, գրականագետ ու արդեն վաղուց 50-ն անց, համաձայն էին ասվածին: Ոչ մի դժգոհություն:
Սրահում աթոռները 11 շարքով էին: Ես 6-րդ շարքում, իսկ 7-րդում նրանք էին, ում մասին հիմա կպատմեմ: «Շատ կուզենայի ապրել այն կյանքը, որ դուք եք ապրել». սա ներկայացվող գրքի հեղինակի մասին ներկաներից մեկի խոսքն է ու մեջբերում եմ` ցույց տալու, որ իրականում հետաքրքիր հեղինակի ու գրքի շուրջ էր միջոցառումը:
Բայց վերջին շարքերում բոլորովին այլ տրամադրություն էր: Սպիտակ բեղ-մորուքով 2` արտաքինից կիրթ մարդ, ինչպես մեր դասարանի տղաները, մեղմ ասած անլուրջ մեկնաբանություններ էին անում իրար համար ու կիսաձայն ծիծաղում` խանգարելով, նկատողություն ստանալով, բայց անընդհատ:
Որպեսզի հասկանաք զարմանքս, ուղղակի նրանց արտահայտություններից մի քանիսն ավելացնեմ ու վերջ. «Գեշա, չէ՞, կնիկը» (գրքի հեղինակի կնոջ մասին է), «Սիրահարվելա աչքիս», «Դու հո ՀՀԿ-ական չե՞ս», «Արա, ծարավ մեռանք, արա, շուտ արա», «Հա դե թող խոսա, ախորժակա բացվի էլի» (շնորհանդեսի վերջում հյուրասիրություն էր լինելու ու լուսամուտից երևում էր` ձմեռային այգում ինչպես են մատուցողները պատրաստվում), «Դե մինչև Յոհանեսբուրգից գա, հասնի ստեղ», «Մի քիչ էլ պատմի, չենք կարդա»: