29 մարտի 2013 - 17:34 AMT
Երևանում այսօր բացվեց Շինարարական ջերմամեկուսիչ նյութերի փորձարկման լաբորատորիա

Հետապնդելով ՀՀ-ում էներգաարդյունավետ շինարարության կայացման խնդիրը, 2012թ. հուլիսից «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ/00059937 ծրագիրը համագործակցում է «Շինսերտիֆիկատ» ընկերության հետ՝ շինարարական ջերմամեկուսիչ նյութերի փորձարկման և սերտիֆիկացման գործող համակարգերի բարելավման նպատակով: Համագործակցության շրջանակներում ս.թ. մարտի 29-ին կայացավ փորձարկման լաբորատորիայի բացումը: Ընկերության լաբորատորիան համալրվել է շուրջ 7 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել շինարարական ջերմամեկուսիչ նյութերի փորձարկում և սերտիֆիկացում: Արդյունքում՝ շենքերի կառուցման և վերանորոգման ժամանակ մասնագետներին հնարավորություն է տրվում օգտագործել վստահելի, փորձարկված և սերտիֆիկացված ջերմամեկուսիչ նյութեր, շինվածքներ և պատրաստվածքներ: Համագործակցության շրջանակներում կազմակերպվում են ոլորտի մասնագետների վերապատրաստմանը ուղղված դասընթացներ՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից` աջակցություն ցուցաբերելով էներգաարդյունավետ շինարարական նորմերի մշակման/արդիականացմանը, մասնագետների վերապատրաստմանը, էներգաարդյունավետ շենքերի նախագծման ցուցադրմանը և էներգախնայող նոր նյութերի և սարքավորումների արտադրության խթանմանը: