31 հոկտեմբերի 2005 - 13:57 AMT
Ղարաբաղը չի միանա ՀՀ-ին եւ չի դառնա անկախ կառույց, հավաստիացնում է Ի.Ալիեւը
«Լեռնային Ղարաբաղին կարող է տրամադրվել լայն ինքնավարություն, սակայն ոչ անկախություն: Լեռնային Ղարաբաղը չի միանա Հայաստանին եւ չի դառնա անկախ կառույց: Այնտեղ բնակվող հայերը կարող են ունենալ ինքնավարության բարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում, դա է վկայում համաշխարհային փորձը»,-թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ալիեւը ընդգծել է, որ «պաշտոնական Բաքվի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ հենվում է միջազգային նորմերի վրա, այն դեպքում, երբ Հայաստանի դիրքորոշումը լիովին հակասում է միջազգային իրավունքին»: Նրա խոսքերով, «Ադրբեջանը բավական ներուժ ունի Հայաստանի հետ ծագած խնդիրը ինքնուրույն լուծելու համար»: Նա հաղորդել է ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված ծախսերի կտրուկ աճի մասին: «Ներկայումս ես կտրուկ ավելացնում են ռազմական բյուջեն: Ռազմական ծախսերը Ադրբեջանում 2004 թվականին կազմել են 170 մլն դոլար, 2005 թվականին` 300 մլն դոլար, իսկ 2006 թվականին դրանք կկազմեն 600 մլն դոլար: Ես ասել եմ, որ մեր ռազմական ծախսերը պետք է հավասար լինեն Հայաստանի ամբողջ բյուջեին, եւ մենք կհասնենք դրան: Մենք ինքներս պետք է ուժեղ լինենք: Եթե մենք ուժեղ լինենք, ապա կլուծենք բոլոր հարցերը»,-ասել է նա: