31 հոկտեմբերի 2005 - 15:24 AMT
Վրոցլավում մատուցվել է պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նախօրեին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում, Սբ.Վոյցեկի եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Լեհաստանում, իր աղոթքում արքեպիսկոպոս Մարիան Գոլեբիեւսկին դիմել է ներկաներին` խնդրելով նրանց աղոթել Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար: Իր խոսքում Մարիան Գոլեբիեւսկին հիշեցրել է, որ այդ պատարագը նվիրվում է երեք տարելիցների` Հայոց ցեղասպանության 90-ամյակին, հեռավոր Սիլեզիա հայերի ժամանման 60-ամյակին եւ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին: «Սա այդ ժողովրդի պատմության մի փոքր մասն է, որը շատ բան է տեսել»,-նշել է Մ. Գոլեբիեւսկին: Պատարագից հետո Սուրբ Աստվածածնի արձանի մոտ տեղադրվել է հուշատախտակ, որի վրա գրված է.«Նվիրվում է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք ոչնչացվեցին Թուրքիայում 1915 թվականին Հիսուս Քրիստոսին հավատալու համար, որոնք 14-րդ դարից սկսած մասնակցել են Ռեչ Պոսպոլիտայի կայացմանը, եւ որոնք զոհվել են Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Ռեչ Պոսպոլիտայի երբեմնի արեւելյան տարածքներում Լեհաստանին եւ Եկեղեցուն հավատարիմ մնալու համար»: Նշենք, որ պատարագին ներկա էր նաեւ Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը: