31 հոկտեմբերի 2005 - 17:24 AMT
ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը եվրաինտեգրման ճանապարհին
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 15-ամյակի տոնակատարության շրջանակներում` Երեւան ժամանած ԵԽԽՎ փոխնախագահ Բեռնար Շրայներին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ա.Բաղդասարյանը Բ.Շրայներին իրազեկեց Հայստանում կատարվող բարեփոխումների մասին` մասնավորապես ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ժամանակացույցի համաձայն` սահմանադրության փոփոխությունների գործընթացի, նոյեմբերի 27-ին նշանակված հանրաքվեի, որոնց նպատակը Հայաստանի քաղաքական ու տնտեսական առաջընթացն է: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդավարացման գործընթացներում մեծ է եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը: Բերնար Շրայներն, իր հերթին, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի անունից շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին` եվրաինտեգրման ճանապարհին կատարված քայլերի համար, որոնք նպաստում են ժողովրդավարության խորացմանը եւ հաջողություններ մաղթեց սահմանադրության փոփոխությունների ընդունման գործընթացում, որը մի քայլ առաջ կտանի Հայաստանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանի այլ զարգացումներին առնչվող հարցեր: