Ստեփանավանի օդանավակայանը կհատկացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը

Ստեփանավանի օդանավակայանը կհատկացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այցելեցին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի սահմաններում գտնվող 17.5 հա մակերեսով տարածքի վրա մինչև տարեվերջ պետք է կառուցվի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:

Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ այդ կենտրոնի հիմնման հնարավորությունները։ Ներկաները հնարավորություն ունեցան իջնել նույն տարածքում գտնվող ստորգետնյա կառավարման կետ, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակների համար։ Արթուր Բաղդասարյանը կարևորեց կենտրոնի ստեղծումը՝ նշելով. «Այս տարածքում կկառուցվի հայ-ռուսական հզոր ենթակառուցվածք արտակարգ իրավիճակների ոլորտում: Այն կունենա տարածաշրջանային նշանակության։ Արդեն իսկ Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների տարեկան պլանի համաձայն անհրաժեշտ փաստաթղթերը մշակված են, ստորագրված է համապատասխան փաստաթուղթ ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև: Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելումը և դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումը։ Մենք կարծում ենք, որ այս կենտրոնի ստեղծմամբ, Հայաստանն, իսկապես, փրկարար օգնություն արտահանող երկիր կդառնա»: Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ շուտով ՀՀ ԱԻՆ-ին կհատկացվի նաև Ստեփանավանի օդանավակայանը: Այդ ենթակառուցվածքը ունենալու է հատուկ ինքնաթիռներ, որոնք հնարավորություն կտան աղետների ժամանակ օպերատիվ արձագանքել:

Արմեն Երիցյանի խոսքով հայ-ռուսական կենտրոնը լինելու է տարածաշրջանում եզակին: Այն վերազինվելու է ժամանակակից տեխնիկայով: Նախատեսված է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսել կենտրոնի աշխատանքները:

Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը,հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---