1 ապրիլի 2013 - 20:51 AMT
Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանն իր ելույթն ավարտեց Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ հաղթանակով

Այսօր Լոնդոնում կավարտվի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի թագի համար պայքարել Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: Հաղթողի կոչման համար պայքարում են Կրամնիկն ու Կարլսենը:

Ցավոք մրցաշարի վերջնամասն այդքան էլ հաջող չէր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար, որը մի քանի պարտիաներում զիջեց և մրցաշարային աղյուսակում նահանջեց: Վերջին տուրում նա հանդիպեց Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ: 35-րդ քայլին Արոնյանը հասավ առավելության, սա նրա երկրորդ հաղթանակն էր ադրբեջանցու նկատմամբ այս մրցաշարում: Նա վաստակեց 8 միավոր և առայժմ 3-րդ տեղում է:

Իրենց պարտիան վարտել են նաև Բորիս Գելֆանդն (Իսրայել) ու Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), որոնք ոչ ոքի են խաղացել:

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)- Պետեր Սվիդլեր (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)- Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) հանդիպումները շարունակվում են: